Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: «Այս պահի դրությամբ 184 ընտանիք արդեն իսկ ներկայացրել են անհրաժեշտ փաստաթղթերը, եւ մենք կնքել ենք պայմանագրեր քաղաքացիների եւ Շիրակի մարզպետի միջեւ ու նրանց տրամադրել բնակարան ձեռք բերելու վկայագրեր:
Ի դեպ, 27 ընտանիքից 5-ն արդեն ապամոնտաժել են իրենց տնակները: Գործընթացը շարունակվում է: Մինչեւ հունվարի վերջ քաղաքաշինության վարչությունը կընդունի բնակարանային գործերն ու անհրաժեշտ փաստաթղթերը եւ կտրամադրի վկայագրերը: «Մնացած շահառուները կունենան 6 ամիս ժամանակ` բնակարան գտնելու համար: Գործընթացը շարունակվում է, եւ քաղաքացիները բավական ակտիվությամբ մասնակցում են դրան:
Անօթեւանության հերթացուցակի 30-րդ կետի մնացած ընտանիքները, որոնք ծրագրի այս փուլով ծանուցագիր չեն ստացել մասնակցելու համար, կընդգրկվեն ծրագրի երկրորդ փուլ, որը նախատեսված է տարվա երկրորդ կեսին՝ առաջին ծրագրի ամփոփումից հետո»,-նշեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը:
Եթե քաղաքացին հրաժարվում է ծրագրից, ապա ընտանիքը չի կարող այլեւ ծրագրի հաջորդ փուլին մասնակցել: «Եթե ընտանիքը ստորագրում է, որ հրաժարվում է, ապա համարվում է, որ պետությունը տվյալ ընտանիքի նկատմամբ իր պարտավորությունն այս ծրագրի շրջանակում արդեն իսկ կատարել է, եւ այդ ընտանիքին նոր հնարավորություն չի տրվի, թեեւ այն կշարունակի մնալ անօթեւանության հերթացուցակում: Դրա համար ընտանիքները պետք է աշխատեն օգտվել այս հնարավորությունից»,-ավելացրեց Ալբերտ Մարգարյանը: